Չիլիում ընթացող Ամերիկայի գավաթի կիսաեզրափակչում հանդիպեցին Չիլիի ու Պերուի, Արգենտինայի ու Պարագվայի ընտրանիները: Ինչպես նախորդ վերջին երկու խաղերում, չիլիացիները հանդիպման ընթացքում մրցակցի նկատմամբ կրկին ստացան թվային գերազանցություն (արդեն քսաներորդ րոպեից պերուացիները խաղում էին տասը հոգով), ինչն էլ պակաս դեր չունեցավ նրանց հաղթանակի հասնելու գործում: Վարգասի երկու գոլը տանտերերին դուրս բերեց եզրափակիչ (2:1): Այս պահի դրությամբ սա Չիլիի ընտրանու հինգերորդ հաղթանակն էր գավաթի խաղարկությունում:
Կիսաեզրափակիչ մյուս զույգում բացառիկ գոլառատ խաղով հաճելիորեն զարմացրեց Արգենտինայի ընտրանին: Պարագվայցիները վեց անգամ ստիպված եղան գնդակը հանել սեփական դարպասից` այդ վեցին կարողանալով պատասխանել ընդամենը մեկով: Հետաքրքրական է, որ մինչև կիսաեզրափակիչ հասնելը արգենտինացիներն ունեցել են երեք հաղթական խաղ, այդ երեքում խփվել է երեք գնդակ, ու դրանց բոլորի հեղինակը Լիոնել Մեսին է: Ճիշտ է, ֆուտբոլային կախարդը պարագվայցիների հետ խաղում գոլի հեղինակ չդարձավ, սակայն հասցրեց կատարել երեք գոլային փոխանցում: Այսպիսով` եզրափակչում գավաթը կվիճարկեն Չիլիի ու Արգենտինայի ընտրանիները: Հանդիպումը կայանալու է հուլիսի 4-ին, Երևանի ժամանակով 23.00-ին:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ